ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Նույնիսկ միայնակ կարողանում է դիմակայել համակարգի հզոր ճնշմանը

Նույնիսկ միայնակ կարողանում է դիմակայել համակարգի հզոր ճնշմանը
13.03.2009 | 00:00

ՀՍԿԻՉ «ՊԱԿԵՏՆ» Ո՞ՒՄ ՄՈՏ ԷՐ...
Կարելի էր, իհարկե, չանդրադառնալ կառավարության հրաժարականին առնչվող ապատեղեկատվությանը, մանավանդ որ ինտրիգը չծառայեց իր նպատակին, բայց քանի որ «տեղեկատվությունն» առավել էր, քան ինտրիգը, մի քիչ «դիտենք» այն:
Փաստորեն, նախագահական ընտրություններից առայսօր այդպես էլ չմարեց վարչապետի աթոռի նկատմամբ ոմանց սրտում բորբոքված «կրակը». մնաց իդեա-ֆիքս, շեղեց բոլոր կարգի «փոխկապակցություններից»: Ճիշտն ասած, մի քիչ զարմանալի է, որ երկրում, ուր մի կամք է իշխում, մի անձ է որոշում, թե «ով ում բարեկամն է», սույն աթոռը, այն էլ տնտեսական այսպիսի ճգնաժամի պայմաններում, դեռ պահում է իր ձգողականության ուժն ու «հմայքը»` խառնելով առաջին հերթին իշխանական տան «փորոտիքը», թուլացնելով առանց այն էլ թույլ իշխանությանը, վտանգի ենթարկելով վերջինիս կարծեցյալ մոնոլիտությունը:
Ըստ ամենայնի, սցենարի հեղինակները ենթագիտակցական մակարդակով զգում են.
ա) կարող է գործել նախադեպը, երբ վարչապետը, ինչ-ինչ զարգացումների դեպքում, կարող է դառնալ դե ֆակտո նախագահ (նկատի ունենք 98-ի պետական հեղաշրջման փաստը),
բ) տարածաշրջանային, գլոբալ քաղաքական, տնտեսական զարգացումներն ամեն րոպե կարող են այս իշխանություններին ֆիասկո պարտադրել, հրաժարականի տանել, ուստի պետք է հարմար դիրքում լինել:
Սրանք, այսպես ասած, «գլոբալ» պատճառներն են: Դառնանք լոկալ պատճառներին, նաև հարցին, թե ինչո՞ւ հատկապես այս պահին անհրաժեշտ եղավ իշխանական թափանվի տակ, կառավարության մասով, մեխեր խրել: Ընդ որում, դա խաղ էր, որի մեջ «փայ» կարող էին ունենալ շատերը, սակայն շատ հետաքրքիր էր, թե հսկիչ «պակետն» ո՞ւմ մոտ էր, և ո՞վ էր այն բորսա նետել:
Այսպիսով, հարց` ինչո՞ւ հիմա: Շատ պարզ: Նախորդ օրը կառավարության ղեկավարը եղել էր ՀՀԿ խորհրդում` նախագահի ուղեկցությամբ, ուր, քան երբևէ, ընթացել էր անկեղծ, կառուցողական զրույց` երկրում տիրող տնտեսական վիճակին, լողացող դրամին սպասվող վիճակներին վերաբերող՝ ի հեճուկս «դրսում և ներսում, վերևում և ցածում» գտնվող բոլոր «պակետավորների», ովքեր մեկ անգամ ևս համոզվել էին, որ նախագահ-վարչապետ տանդեմը շատ ամուր է, ինչն էլ նշանակում է, որ դրամի լողացմանը զուգընթաց ոչ մեկը կառավարությունում չի «լողացվելու»: Հրաժարականի տեսքով: ՈՒ իրենք դեռ պետք է սպասեն: Գուցե` ցկյանս:
Հիասթափությունն առավել խորացել էր այն պահից, երբ հայաստանյան նույն` «մեկ կամքն ու մեկ անձը», երկրիս նախագահը, ՀՀԿ-ի խորհրդի նիստից առաջ և հետո բոլոր ականջ ունեցողների համար «շշնջացել» և օրինակ էր ծառայել առ այն, թե կա` Տիգրան Սարգսյանն է վարչապետ, չկա` նա է վարչապետ: Դա հերիք չէր, պարզվել էր, որ վարչապետը կառուցողական հանդիպումներ պետք է ունենա նաև խորհրդարանական-կոալիցիոն մյուս ուժերի հետ ևս: Եվ նախորդ օրը բոլորը խորհրդարանում սպասում էին «հրաժարական տված» վարչապետին: Վարչապետի ԱԺ մուտք գործելուց ժամեր առաջ, դեռ նախորդ երեկո սկսված ապատեղեկատվությունն սկսեց լայն թափ հավաքել, մերձիշխանական հիմնական «պակետավորներին» միացան այլ «պակետավորների» շարքեր ևս, խորհրդարանի միջանցքներում սկսեցին շշնջալ, թե էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը հրաժարականն ստորագրելիս ինչ է ասել, վարչապետը` ինչ, Պավլեն ոնց է բռնել «ոտները». չէ, ներեցեք, ձեռները, ով է ասել Հա՜լե՜պը` «մի շուն տաճիկ, բռնեց նրա կոկորդը»... և այդպես շարունակ: Օրվա վերջում արդեն հստակ հնչում էր նոր վարչապետի անունը, և ոչ ոք չէր հասկանում, թե ինչու նա «համառում» ու չի ուզում տնտեսական այս «դժար» պայմաններում ղեկավարել գործադիրը:
Ահա այսպիսի ինֆորմացիոն հուժկու հոսքեր, կարծիքների հեղեղ էր թափվում գորգապատ, մոնիտորված խորհրդարանական միջանցքների վրա: Ընդ որում, հետկեսօրին արդեն «մեծ խաղին» միացել էին «մատյան գնդերը» ևս, բայց առանց փղերի (համենայն դեպս, ոչ մի փիղ չտեսանք խորհրդարանի միջանցքներում):
Մի խոսքով, վերջին «հոսքը», որ լսեցինք այդ օրը, այն էր, թե «պակետավորների» նոր խումբը ղեկավարում էր, ըստ չար, շատ չար լեզուների, հայրենյաց դատախազական («եղել է մանուկ, սիրել ծաղիկներ, բռնել թիթեռնիկ»... էն Հիտլերն էլ էնտեղ ջութակ էր նվագում, իսկ Ներոնն ընդհանրապես բանաստեղծություն էր գրում` անտաղա՛նդ) կորպուսը, ըստ «ականատեսների»` դատախազա-ՀՀԿ-ական պատգամավորների «ղեկավարությամբ»:
Հումորը չկորցրած խիստ բարձր պաշտոնյաներից մեկն էլ կլոունադային ուշի ուշով հետևող լրագրողներիս խորհուրդ տվեց ուշադիր լինել, թե «գործող» վարչապետի գալուց վայրկյաններ անց ոնց է ամեն բան հօդս ցնդելու, ոնց են «պաչ-պռոշտի» անելու` նույն «պակետավորներն ու անպակետները» վարչապետի հետ, գլխներին դրած ընդունել-ճամփելու:
Էդպես էլ եղավ;
Թողնենք նրանց իրենց «պաչ-պռոշտիին», մենք շարունակենք մեր «համազուսպ» պատումը, թռուցիկ պատասխանելով «օպոնենտների» առաջ քաշած մեկ հարցին ևս ու անցնենք մեր գործին:
Բանն այն է, որ բոլոր «օպոնենտները» միանշանակ պնդում են, թե վարչապետը միայնակ է, թիմ չունի, խորհրդարանում իր լոբբինգով զբաղվող չկա, նրան կարելի է վայրկյանների ընթացքում ոչ ևս անել: Ինչն էլ ոնց որ արվում է:
Սակայն երկու կարևոր հանգամանք հաշվի չի առնվում.
ա) ուղղահայաց կապը, որի մասին խոսել էինք նախորդ նյութում. սրան, ի տարբերություն մնացյալ իշխանավորների-պատգամավորների-«պակետավորների», տիրապետում է գործադրի ղեկավարը: Հիշենք, որ ուղղահայաց մոտեցման դեպքում ոչ թե անձն ու թիմն են ճակատամարտը մղում, այլ ճակատամարտերի «հայրը»:
բ) Նույնիսկ այդպես միայնակ` Տիգրան Սարգսյանը կարողանում է դիմակայել համակարգի այդքան հզոր ճնշմանը: Ընդ որում, շատ պարզ տեխնոլոգիա կիրառելով` չաշխատել այն սկզբունքով, որով իր դեմ են աշխատում:
Ոչ ոք չի վիճարկում խնդիրը, թե Տ. Սարգսյանի կառավարությունը շատ թերացումներ ունի, շատ բան չի կարողանում անել։ Այո՛, Տիգրան Սարգսյանը չկարողացավ համակարգային փոփոխություններ իրականացնել, անել այն, ինչ ինքը և մենք կցանկանայինք տեսնել: Այս պահին չքննենք պատճառները: Որովհետև կռիվն առավել քան լուրջ է, պատճառները` առավել հիմնարար ու խորքային:
Սա տեսակի կռիվ է:
Սերժ Սարգսյանի իշխանությունը մինչ այս պահը տեսակի կռվում տանուլ է տվել: Սեպը խրվել, հասել է վարչապետին: Առայժմ Սերժ Ազատիչը վարչապետի հաշվով պահում է ճիշտ «պոզան»: Որքան կհաջողի, դժվար է ասել, քանի որ «այս աշխարհի որդիներն ավելի հնարամիտ են, քան լուսո որդիները» (Ավետարան ըստ Ղուկասի, գլուխ 16):
Առավել քան «հնարամիտ»: Իսկ նրանց գործածած «ընդդեմ» քաղտեխնոլոգիաները բազում ու անհաշիվ են` սկսած կառավարության լրատվական ծառայության շուրջ վերջին զարգացումներից մինչև դրամի «լողացում», որի «շուրջ» գործընթացներն այնպես ընթացան, որ վարչապետի «մերձավորներն» իսկ դրամ-դոլար խաղում ֆիասկոներ գրանցեցին: Իսկ դա հենց այնպես չէր կարող լինել. դա սիստեմը ճանաչողներն ու կերտողները շատ լավ էին հասկացել, հաշվել ու գործարկման մեջ էին դրել` նույնքան նուրբ կազմակերպելով գրոհը վարչապետի վրա:
Իսկ կառավարությունը մոտիկից իմացողները շատ լավ գիտեն, որ երբեք, ոչ մի անգամ, վարչապետը չմտավ ինտրիգների դաշտ և իր կողմնակիցներին էլ բացարձակապես արգելեց խաղալ այդ դաշտում, պատասխանել իր դեմ եղած հարվածներին` «մենք պետք է տարբերվենք նրանցից» սկզբունքը կիրառելով:
Սակայն այս ամենն առ ոչինչ էր «օպոնենտների» համար: Չմարած կրակը թեժացման պիկին հասցրեց երկու հանգամանք.
ա) վարչապետի ռուսաստանյան վերջին այցը.
բ) Վազգեն Մանուկյանի սպասվող` Հանրային խորհրդի ղեկավարումը, Վ. Մանուկյանի` խարիզմատիկ այդ ֆիգուրի նախագահական պալատում անչափ կարևոր ու մեկընդմիշտ ներկայությունը, իմա` նժարի թեքումը դեպ Տիգրան Սարգսյան:
Ինչ վերաբերում է ռուսաստանյան այցին, ապա վերջին շրջանում այդ այցերն ընդհանրապես պարբերական բնույթ են կրում: Ի դեպ, վերջին, ընդամենը մի քանի ժամ տևած այցի առյուծի բաժինը Տիգրան Սարգսյանն անցկացրել էր Վլադիմիր Պուտինի հետ, որին նախորդ անգամ շատ էր հետաքրքրել ՀՀ վարչապետը` իր տնտեսական մոտեցումներով հանդերձ։ Նա իր տեղակալին ապսպրել էր հանդիպել։ Հանդիպել էին, ընդ որում` Ալեքսի 2-րդի մահվան օրը, հետո ասուլիս էին տվել, ապա խոսքուզրույցը շարունակել Սպիտակ տանը:
Իսկ այս անգամ արարողակարգով սահմանված հանդիպումը տևել էր առավել քան երկար՝ երեք անգամ ավելի: Ի դեպ, մայիսին Պուտինը կայցելի Հայաստան, և այդ հրավերը Վլադիմիրին է փոխանցել հայոց Տիգրանը։
Բա մե՞նք «тут при чем!»: Ի՞նչ կարող ենք անել: Փաստն ենք արձանագրում վասն այնու, որ շատերին թվում էր, թե հենց մայր Ռուսիան է ասելու Տիգրանին` «գոու հոմ»:
Չի ասում և վերջ:
«Վերջում» խորհուրդ «պակետավորներին»` բոլոր դեպքերում, մի քիչ համազուսպ եղեք։
Հավելենք, որ Հայաստանը փոքր երկիր է, այնտեղ ոչինչ հնարավոր չէ թաքցնել, բոլորին ամեն ինչ վաղուց ու շատ լավ հայտնի է:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2983

Մեկնաբանություններ